Գեղարքունիքի մարզում շարունակվում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ակտիվ և բազմոլորտ գործունեությունը։ 2000 թվականին հիմնադրված կազմակերպությունը տարիների ընթացքում ձևավորել է համայնքային զարգացման կայուն մոդել՝ համադրելով սոցիալական, առողջապահական, բնապահպանական և կրթական նախաձեռնությունները՝ առաջնահերթ համարելով բնակչության անմիջական մասնակցությունը խնդիրների լուծմանը։
Կազմակերպության նախաձեռնությամբ մարզում վերակառուցվել են բուժկետեր, կառուցվել նախակրթարաններ և հիմնվել է «Թագանի» սոցիալական ձեռնարկությունը, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող անձինք՝ ստեղծելով ներառական և արժանապատիվ աշխատանքային միջավայր։ Խորհուրդը հետևողականորեն նպաստում է համայնքում ապահով և պաշտպանված քաղաքացու ձևավորմանը՝ զարգացնելով մասնակցային մշակույթն ու սոցիալական համերաշխությունը։
Արտակարգ իրավիճակներում կազմակերպությունն իրականացնում է հումանիտար աջակցություն՝ աշխատելով տեղահանվածների, միայնակ տարեցների, բռնության ենթարկված կանանց և այլ խոցելի խմբերի հետ։ Հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրականացվել են ծրագրեր, որոնք միտված են տեղահանված ընտանիքների ինտեգրմանն ու բնականոն կյանքի վերականգնմանը։ Կազմակերպվել են իրազեկման և կարողությունների զարգացման դասընթացներ, որոնց համար մշակվել են մասնակիցների կարիքներին համապատասխանեցված կրթական ծրագրեր։
ՀԿ-ի ծրագրային հիմնական ուղղություններն են՝
խոցելի խմբերի հետ աշխատանք
հումանիտար աջակցություն արտակարգ իրավիճակներում
մեծահասակների կրթություն
քաղաքացիական հասարակության գիտակցության բարձրացում և կարողությունների զարգացում
մարդու իրավունքներ և ժողովրդավարություն
մեդիագրագիտություն և երիտասարդության ակտիվացում
կոռուպցիայի դեմ պայքար և շահերի բախման կանխարգելում
խտրականության դեմ պայքար
Մարտունի քաղաքում կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել և գործում են «Կրթապնակ» մեծահասակների կրթության կենտրոնը, «Մարտունի ԻնֆոՏուն»-ը, «Թագանի» սոցիալական ձեռնարկությունը, «Ռադիո Մարտունի» առցանց ռադիոն, Մարտունի երիտասարդական բանկը, Համայնքային ռեսուրս կենտրոնը և բռնության ենթարկված կանանց աջակցման կենտրոնը՝ ձևավորելով համայնքային զարգացման և քաղաքացիական ակտիվության հզոր հարթակներ։
Կազմակերպության գործունեության մասին առավել մանրամասն այստեղ։
Թեմա
Նմանատիպ ռեսուրսներ